Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ամեն ինչ ժամանակի վրա է կառուցվում

Ամեն ինչ ժամանակի վրա է կառուցվում
29.01.2026 | 14:03

Կենդանիների նման՝ մարդկանց ու ժողովուրդներին էլ մշտապես վարժեցնում են որոշակի իրականության ու դրանից բխող վարքագծի։ Սկզբում լինում է դիմադրություն, բայց հետո աստիճանաբար հարմարվում են այդ իրականությանը, իսկ ավելի ուշ այն դառնում է կենսակերպ ու նույնիսկ՝ անհրաժեշտություն։

Մի քանի տարի առաջ բոլորն ասում էին, թե Ադրբեջանի հետ չի կարող լինել խաղաղություն՝ առանց Արցախի և առանց մեր արժանապատվության վերականգնման, իսկ այսօր բոլոր կողմերից լսվում են խաղաղության ցանկություններ՝ ամեն գնով։ Նույնիսկ արցախցիների մեծ մասն է հրաժարվել Արցախ վերադառնալու մտքից։

2023-ին՝ Արցախի բլոկադայի սկզբում, մարդիկ ըմբոստանում էին, նույնիսկ փորձում էին ճեղքել Շուշիին մերձ ճանապարհը փակած ադրբեջանցիների շղթան, բայց շաբաթներ անց բլոկադան դարձավ սովորական։ Արցախում սկսեցին ապրել այդ կենսակերպով, իսկ Հայաստանում շատերը մոռացան, որ մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ իրենց հայրենակիցները սովի են մատնված։ Դարձավ սովորական։

Այդ օրերին շատ դիպուկ մի օրինակ էր ներկայացրել Ադրբեջանի հեռուստատեսությունը՝ «Վայրի կատվին անգամ կարելի է ընտելացնել» քարոզչական տեսահոլովակով, որում բացահայտ ասվում էր, որ Արցախի հայերը աստիճանաբար սկսելու են ենթարկվել Ադրբեջանին։ Հետո Ադրբեջանի իշխանությունը որոշեց ամբողջովին հայաթափել Արցախը, քանի որ աշխարհն էր սովորել այդ իրականությանը։

2024-ին՝ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հողերը Ադրբեջանին հանձնելու ժամանակ, մեծ բողոքի ալիք բարձրացավ, բայց մարդիկ աստիճանաբար սովորեցին նոր իրականությանը ու հիմա հանգիստ են նայում, որ Կիրանցի, Բաղանիսի, Բերքաբերի տարածքից տրվել է թշնամուն։ Սովորել են այդ իրականությանը։

Հայաստանի իշխանությունը Ղազախստանից ներկրեց 4-րդ կարգի վատ ցորեն, որը մշակվել էր միջուկային փորձարկումների վայրում, մեծ հավանականությամբ, թունավորված էր, առավել ևս, որ մեր երկիր էր հասել թշնամի Ադրբեջանի տարածքով։ Մարդիկ առաջին մի քանի օրը բողոքեցին, բայց աստիճանաբար մոռացան դրա մասին, ու ղազախական թունավոր ցորենը դարձավ մեր կյանքի մի մասը։

Ադրբեջանից ներկրվեց բենզին։ Մարդիկ ըմբոստացան, հիշեցին հազարավոր մեր զոհերի մասին, խոսեցին ազգային արժանապատվությունից, եղավ տեղեկություն, որ Ադրբեջանը, հավանաբար, թունավորել է բենզինը, ավելացրել կապար, որը համատարած առողջական խնդիրներ է ստեղծում։ Բայց մարդիկ աստիճանաբար սովորեցին այդ իրականությանը և սկսեցին գնել թշնամու բենզինը։

Ի վերջո, մարդիկ մոռացել են, որ Նիկոլը հանձնել է ամբողջ Արցախը, պայմանավորվել է թշնամու հետ ու հրաժարվել հայրենիքից։ Մարդիկ սովորել են նոր իրականությանը ու հիմա քննարկում են ոչ թե դավաճանի խնդիրը, այլ այն, թե ով ավելի լավ սոցիալական հարցեր կլուծի։

Ամեն ինչ ժամանակի վրա է կառուցվում, թե ինչ արագությամբ մարդիկ կսովորեն և կվարժվեն նոր իրականությանը։

Նույնիսկ ամենահարազատ մարդկանց գերեզման դնելուց մի քանի ժամ հետո մարդիկ թեթևացած սկսում են զրուցել, իսկ շաբաթներ անց արդեն նոր իրականության մեջ են ապրում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ